ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՐԾՈՆԻՑ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԳՈՐԾԻՔԻ»

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՐԾՈՆԻՑ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԳՈՐԾԻՔԻ»
19.01.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-Հայ թուրքական հարաբերություններում 2010-ին հայկական կողմը ևս մի քայլ արեց. Սահմանադրական դատարանը ցյուրիխյան արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան համարեց: Ի՞նչ է լինելու հետո:
-Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ մերժելի է, և այս դեպքում որևէ տեսքով արդարացում չի կարող լինել: ՍԴ-ն իր հիմնական գործառույթն իրականացնելիս ամբողջությամբ աջակցում է իշխանության վերարտադրությանը, բայց այս դեպքում ընդունեց մի որոշում, որը հակասում է և՛ ՀՀ Սահմանադրությանը, և՛ մեր ազգային ու պետական շահերին: ՍԴ որոշման նկարագրական մասում հստակ նշված են այն կետերը, որոնք վտանգում են մեր պետական շահը, բայց իրավական առումով կարևորը վճիռն է, նկարագրական մասն ընդամենը ներքին սպառման համար կարող է օգտագործվել: ԱԺ բերվելու է ոչ թե նկարագրական մասը, այլ ընդամենը մեկ նախադասություն` ՍԴ-ն արձանագրությունները սահմանադրությանը հակասող չի համարում: Այս որոշումը ոչինչ չտվող որոշում է:
-Ինչո՞ւ, շարունակվում է արձանագրությունների վավերացման գործընթացը:
-Հայկական կողմն իրեն զրկեց մանևրելու հնարավորությունից: Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող էր միջազգային գործընկերների առջև արդարանալ, որ իր խոստումները չի կատարում, որովհետև ՍԴ-ն այդպիսի որոշում է ընդունել, խորհրդարանի դեպքում չի կարող:
-Ինչո՞ւ եք խաղից հանում խորհրդարանը։
-Ես բացառում եմ, որ խորհրդարանն արձանագրությունները չի վավերացնի։ Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ ԱԺ-ն նախագահի ու քաղաքական մեծամասնության ձեռքում է, և չվավերացնելու դեպքում արդարանալու մեխանիզմ գոյություն չունի:
-Այո՛, բայց ՀՀ նախագահն իր միջազգային գործընկերների առջև հիմա ոչ թե արդարացողի, այլ մեղադրողի դիրք է ստանում` ես ու իմ երկիրը ստանձնած պարտավորությունները կատարում ենք, հիմա դուք գնահատեք` տարածաշրջանում ո՞վ է կառուցողական քաղաքականություն վարում, ո՞վ` ապակառուցողական:
-Սերժ Սարգսյանը միջազգային ասպարեզում բոլոր պայմանավորվածություններն էլ կյանքի է կոչում, հայ-թուրքական արձանագրություններ է ստորագրում, մադրիդյան, կրակովյան սկզբունքներին տեր է կանգնում, նախկինում տված խոստումներն է կատարում: Ակտիվ հանդիպումները Մոսկվայում, Վաշինգտոնում, այցը Մոսկվա, որտեղ կայանալիք եռակողմ հանդիպումն էլ, կարծես, չեն ժխտում։ Ակնհայտ է, որ գործընթացներն ակտիվացել են, արձանագրությունների նախապայմանները կյանքի են կոչվում, և ԼՂ-ին առնչվող քայլեր են նախատեսվում: Իշխանությունները պիտի փորձեն միջազգային խաղացողների շահերի հակասություններից օգտվելով` մի փոքր ձգձգել և ժամանակ շահել, որի ընթացքում իրավիճակը կարող է փոխվել:
-Իրավիճակի ի՞նչ փոփոխություն կարող է լինել:
-Շահերի համադրման-հակադրման: ՌԴ նախագահի ու արտգործնախարարի հայտարարությունները ԼՂ-ի վերաբերյալ պատուհան են բացում, որ հայկական կողմը կարողանա մանևրել...
-Բացառո՞ւմ եք, որ Ռուսաստանն իր տնտեսական շահերը վեր դասի Հայաստանի շահերից:
-Դժբախտաբար` ոչ, առիթներ եղել են համոզվելու, որ ոչ, բայց, մյուս կողմից էլ, Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, Հայաստանը քաղաքական առումով կարող է Ռուսաստանի ազդեցության դաշտից դուրս գալ, և այդ դեպքում տնտեսական շահը կարող է հարվածի տակ դնել քաղաքականը: Իսկ նման երկընտրանքների ժամանակ նախապատվությունը քաղաքականին են տալիս: Պատմությունը վկայում է, որ գերտերությունների շահերը կարճ ժամանակահատվածում են միայն համընկնում, հակասություններն ավելի շատ են: Կարծում եմ` իշխանությունների, ընդդիմության ճիշտ գործողություններից շատ գործընթացներ են կախված: Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ միջազգային ուժերը որոշակի քայլեր են պարտադրում, ու դա վերջնական որոշում է։ Հակասություններ միշտ էլ կան, իշխանությունն այնքան օժտված պետք է լինի պետական մտածողությամբ, որ երկրում քաղաքական ճիշտ գործընթացներ իրականացնելով կարողանա ժամանակ շահել:
-Արձանագրությունները ստորագրելիս շատերն էին այն կարծիքին, որ թուրքական կողմի վրա միջազգային, հատկապես ամերիկյան կողմից ճնշում կգործադրվի, եթե արձանագրությունները չվավերացվեն: Հավանական համարո՞ւմ եք նման ներգործությունը:
-Այնուամենայնիվ, նախադեպեր կան, որ Թուրքիան այդ ազդեցությանը չի ենթարկվում: Վերջին ժամանակներս թուրքական քաղաքականությունն առավել ուղղված է իսլամական աշխարհին, փորձում են հարաբերությունները բարելավել Իրանի, արաբական աշխարհի հետ, հակաիսրայելական ինչ-որ երանգներ են խտացել... Գուցե դիվանագիտության մեջ էլ գաստրոնոմիական հայտնի ասույթն է գործում` ախորժակը բացվում է ուտելիս: Երբ մի հարցում զիջում ես, զիջումների պահանջը մեծանում է: Թուրքիան, առավելագույնը ստանալով հայ-թուրքական օրակարգից, փորձում է առավելագույնին հասնել նաև հայ-ադրբեջանական օրակարգում: Թուրքական դիվանագիտությունը միշտ էլ շատ լավ է խաղացել պետությունների հակասությունների վրա. պետություն, որ պարտվել է երկու համաշխարհային պատերազմներում, բայց դիվանագիտական ասպարեզում վերադարձրել է կորուստները:
-Կարսը, Սարիղամիշը, Արդահանը...
-Առաջին համաշխարհայինում Թուրքիան պարտվեց ու տարածքային որոշ կորուստներ ունեցավ, բայց ռազմադաշտում պարտությունից հետո Սևրի դաշնագրով ու Վիլսոնի իրավարար ակտով 6 վիլայեթները Հայաստանին չվերադարձրեց, այլ, այո՛, ռուսական կայսրության տարածքները ստացավ` Արդահանը, Սարիղամիշը, Կարսը` իր անառիկ բերդով:
-Եթե հիշում եք, անցյալ տարեվերջին մամուլում խայծեր հայտնվեցին. եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա, ԱՄՆ-ը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ԱՄՆ-ը կճանաչի ցեղասպանությունը: Իհարկե, հետո հերքվեցին: Չե՞ք կարծում, որ խայծերն այս տարի էլ շատ իրական են:
-Աշխատող խայծեր են, բայց թուրքական դիվանագիտության ուժեղ կողմերից մեկն էլ երկարաժամկետ քաղաքականության ծրագրումն է և ծրագրածի իրականացման ճկունությունը: Հայկական ցեղասպանության ճանաչումը կարող է նվազ վտանգավոր գնահատվել քաղաքական որոշակի զարգացումներից, որոնց կարող են հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունները: Սա չի նշանակում, որ մենք շահող ենք դուրս գալիս, իրավական առումով մենք կորցնում ենք Արևմտյան Հայաստանի հայկական հողերի և ցեղասպանությունից փրկվածների հայրենազրկման ու ունեզրկման հարցը բարձրացնելու շանսը: Սա շատ ավելի կարևոր է: Եթե մեր իշխանությունների թեթև ձեռքով արձանագրությունները կյանքի կոչվեն, և դեֆակտո սահմանը դառնա նաև դեյուրե սահման, Վիլսոնի իրավարար վճռի ազդեցությունը կկորչի, հետագայում նույնիսկ եթե Թուրքիան ընդունի ցեղասպանությունը, իրավական հետևանքներ չեն լինի:
-2010-ին ի՞նչ զարգացումներ եք ակնկալում Լեռնային Ղարաբաղի հարցում:
-Բարդ հարց է, խուսանավելու հնարավորություններն ավելի մեծ են։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ն պնդում են, որ Ղարաբաղի հարցը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Խնդիրն իշխանությունների դիմադրողականությունն է, որպեսզի զիջումների չգնան: Իսկ որ ընտրվել է զիջումների ճանապարհը, միանշանակ է, ապացույցը մադրիդյան սկզբունքներն են:
-Զիջումների՞, թե՞ փոխզիջումների:
-Ի՞նչը ինչո՞վ է փոխհատուցվում, եթե փոխզիջումներ են: Եթե խոսքը ԼՂ անկախության մասին է, ԼՂՀ-ն անկախ պետություն է:
-Անկախ, բայց չճանաչված:
-Դա ժամանակի հարց է, այդ սխալը 90-ականներից է գալիս: Եթե ռեսուրսները ծախսվեին ոչ թե իշխանության վերարտադրության և այդ վերարտադրությունը մարսելու համար զիջումների գնալու վրա, եթե նորմալ ընտրություններ անցկացնելով նորմալ հասարակարգ կառուցեին, ԼՂ անկախությունը ճանաչված կլիներ: ԼՂ մեր հայրենակիցներն իրենց ընտրությունը կատարել են և տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունեն, ամենաժողովրդավարական իշխանությունը: Բայց իշխանությունն ընտրել է զիջումների ճանապարհը: ՀՀԿ ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են 5 շրջանների վերադարձի, սոսկ ցամաքային կապի թեման: Իսկ ո՞վ պետք է բարձրացնի փախստականների, Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու մի հատվածի հարցը։ Ստեղծված իրավիճակը պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի հետևանք է, հետագայում ծագած բոլոր խնդիրները, այդ թվում` սահմանազատման, ադրբեջանական իշխանությունները պետք է լուծեն ԼՂՀ իշխանությունների հետ: ԼՂ-ի հարցի լուծման զարգացումներն այս տարի ևս կակտիվանան, թերևս մինչև ապրիլի 24-ը, որովհետև քաղաքական առումով դա է այն ժամկետը, որի ընթացքում կծավալվեն իրադարձությունները:
-Հնարավոր համարո՞ւմ եք շրջանակային համաձայնագրի կնքումը:
-Շատ փորձագետներ բացառում են, բայց եթե իշխանությունը քաղաքական կամք չունենա զիջումներին «ոչ» ասելու, շրջանակային համաձայնագիրը կվավերացվի եթե ոչ այս տարի, ապա գալիք տարի` հաստատ: Ես նույնիսկ հիպոթետիկ սցենարը կարող եմ ներկայացնել. մինչև հաջորդ նախագահական ընտրություններ համաձայնագիրը կստորագրվի, հաջորդ նախագահական ընտրություններն էլ կանցնեն այնպես, ինչպես անցնում են նախագահական ընտրությունները Հայաստանում, որպեսզի կյանքի կոչվի համաձայնագիրը:
-Այսինքն` Հայաստանում` ոնց Հայաստանում, ոչինչ չի՞ փոխվում:
-Աշխարհում ոչինչ չի փոխվում, ո՛չ պետությունների շահերը, ո՛չ մարդկային բնավորությունը:
-ՈՒ զարգացում չկա՞:
-Զարգացումը շահերի բախման, ոչ թե հիմնական հասկացությունների փոփոխության արդյունք է։ Մոմի լույսի տակ, թե լամպի` քաղաքականությունն իր էությունը չի փոխում: Գերտերություններ նախկինում էլ են եղել, գլոբալացում այն ժամանակ էլ կար: Երևի հայկական ամեն մի կառավարություն պիտի ունենա իր Կարսի պայմանագիրը:
-Ինչո՞ւ այդքան դաժան:
-Իսկ Արցախի ազատագրված շրջանները հանձնելը դաժան չէ՞, նույնիսկ եթե կոչվում է մադրիդյան սկզբունք: Ե՛վ հայ-թուրքական, և՛ հայ-ադրբեջանական հարաբերությունները ցույց են տալիս, որ իրադարձությունների զարգացումը Հայաստանից դուրս է, ինչը շատ վատ է։ Դա նշանակում է, որ Հայաստանը գործոնից վերածվել է գործիքի:
-Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանում 2010-ին հնարավոր կլինի՞ զսպել այնքան, որ գների անխուսափելի աճի պարագայում խուսափենք գործազուրկների նոր բանակից, աղքատության խորացումից:
-Անցած տարի 1,5 միլիարդ դոլարի վարկ հատկացվեց Հայաստանին, այնուամենայնիվ, տնտեսական անկման մակարդակով ԱՊՀ-ում առաջինն էինք: Դժվար թե մեր տնտեսության վերականգնումը միայն գլոբալ ճգնաժամից է կախված: Տնտեսության կլանային, օլիգարխիկ համակարգը հազիվ թե 2010-ին աճի հնարավորություն ստեղծի: Կարծում եմ` աճի հնարավորություն կունենանք 1-2 տարի հետո միայն, երբ մեր հայրենակիցներն արտասահմանից կարողանան Հայաստան գումարներ փոխանցել: Ցավոք, խորանում է եկամուտների բաշխման բևեռացումը` հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում: Այս ասպարեզում դրական միտումներ չեմ տեսնում, որովհետև դրանք պայմանավորված են առաջին հերթին քաղաքական գործընթացներով: Հայաստանում տնտեսությունը քաղաքական համակարգի ածանցյալն է, թեպետ որոշ փորձագետներ հակառակն են պնդում, բայց փաստ է, որ բոլոր օլիգարխներն իշխանական դաշտի դերակատարներ են: Համաձայն եմ, որ գնաճը շարունակվելու է, գազի գնի բարձրացումն արդեն բավարար պատճառ է: Հետաքրքիր է դոլար-դրամ հարաբերակցությունը, չի բացառվում, որ դրամի արժեզրկումը հանգեցնի գնաճի: Տնտեսական դաշտի գերկենտրոնացում է տեղի ունենում, իսկ որքան մեծ է գերկենտրոնացումը, այնքան անկառավարելի են գները: Թերևս 2010-ը 2009-ից շատ ավելի դժվար տարի լինի, քանի որ արտաքին քաղաքական գործընթացները տեղափոխվեցին 2010, ներքաղաքական գործընթացներում որևէ փոփոխություն չկա, դատաիրավական համակարգում նույն վիճակն է, 2010-ի բյուջեի նախագծի քննարկումները ցույց տվեցին, որ իշխանությունը կարծրացել է արդեն և սվիններով է ընդունում ընդդիմության ամեն մի առաջարկ: Էլ չեմ խոսում Եվրախորհրդում Հայաստանի պարտավորությունների կատարման, քաղբանտարկյալների, մարտի 1-ի սպանությունների չբացահայտման մասին...
-Վագրի սև շերտերը սպիտակից շա՞տ են լինելու:
-Հայաստանում` թերևս, եվրոպական շատ երկրներ սև դաշտից դուրս են գալիս, ԱՄՆ-ը` նույնպես: Սպասենք տրանսֆերտների:
-Տրանսֆերտներով երկիր ու պետություն չես պահի:
-Միանշանակ, բայց Հայաստանում ոչ մեկին պետք չէ արդյունաբերությունը, որովհետև ներմուծման հաշվին ավելի մեծ գումարներ են շահում:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ